Մեզ է հասել հետևյալ պատմությունը։ Մայնի Ֆրանկֆուրտում, համերգից հետո, յոթնամյա Մոցարտին մոտեցավ մի տղա։
-Ի՛նչ հոյակապ ես նվագում։ Ես երբեք չէի կարողանա այդպես նվագել։
-Ինչու՞,- հարցնում է Մոցարտը,- չէ՞ որ դու մեծ տղա ես... Դու չե՞ս փորձել նոտագրել քո մեջ ծագած երաժշտությունը։
-Ես գրում եմ, բայց բանաստեղծություններ։
-...Լավ ոտանավոր գրելը երևի ավելի դժվար է, քան երաժշտությունը։
-Ինչու՞, փորձիր, շատ հեշտ է։
Պարզվում է, որ Վոլֆգանգ Մոցարտի զրուցակիցը Վոլֆգանգ Գյոթեն էր։ Տարիներ անց, Աստծո կամոք, «Հիրիկ» կոչվող ամսագրում Մոցարտը նկատում է մի բանաստեղծություն` Գյոթեի «Մանուշակը»։ Այսպես ծնվեց Մոցարտի համանուն երգը։ Եվ երկու հանճարների արվեստի համաձույլը բախտորոշ դեր խաղաց դասական երգարվեստի զարգացման, գերմանական «lied» ժանրի ձևավորման գործընթացում։ Դիպուկ է ասել երաժշտագետ Հերման Աբերտը. «Մեր «Մանուշակը» մի հայացք է, ձգված դեպի շուբերտյան հասուն երգի ավետյաց երկիրը»։
Մոցարտից առաջ «Մանուշակի» խոսքերով երգ գրել է Բրաունշվայգի կոմսուհի Աննա Ամալիան։ Բանն այն է, որ այս գողտրիկ բանաստեղծությունը Գյոթեն զետեղել էր իր «Էրվին և Էլմիրա» զինգշպիլում, որի երաժշտության հեղինակը Աննա Ամալիան էր (Ֆրիդրիխ Մեծի քույրը)։ Կոմսուհու «Մանուշակը» հիշեցնում է իտալական սենտիմենտալ երգերը, իսկ դաշնամուրի նվագակցությունը` Դոմենիկո Սկարլատտիի զվարթ սոնատները։ «Մանուշակի» հիման վրա երգ էր հորինել նաև Մոցարտի ժամանակակից Յոհան Ռայխարդտը։ Նրա երգը ոգով ավելի գերմանական է։ Երգի 2-րդ, 3-րդ և մյուս տակտերում հնչող, այսպես կոչված, «ոսկի դարձվածը», որը հաճախ հանդիպում է փողայինների մոտ (սեքստա-կվինտա-տերցիա), երգին հովվերգական երանգ է հաղորդում։ Ինչպես Ամալիայի երգը, սա նույնպես գրված է կուպլետային ձևով. երգի երեք տներն էլ երգվում են միևնույն մեղեդիով։ Նվագակցությունը երկրորդական դեր է խաղում` որպես ընդամենը երգի «պատվանդան»։
Մոցարտից առաջ համանուն երգեր են գրել նաև Յոզեֆ Շտեֆանը, Կառլ Ֆրիբերտը, Յոհան Անդրեն և Կայզերը։
Բայց եթե նախորդներն այդպես էլ չհասան կյանքի, արվեստի մոցարտյան խորաթափանց ընկալմանը, հնարամտությանը, ապա հետնորդները չհասան նրա հանճարեղ պարզությանը։ Մեծանուն դաշնակահարուհի Կլարա Շումանն իր «Մանուշակը» սկսում է Մոցարտի նույն երգի առաջին մոտիվի նմանակումով։ Բացի այդ, Մոցարտի և Կլարայի «Մանուշակները» մի ընդհանուր երանգ էլ ունեն. երկուսի 2-րդ տներում էլ գերիշխում է թախծոտ մինորը։ Սա կարելի է դիտել որպես մի արձագանք, դարերի երկխոսություն, ինչպես Չայկովսկին է ասել Մոցարտի «Դոն Ժուանի» պարտիտուրն ընթերցելուց հետո, «ձեռքսեղմում Մոցարտի հետ»։ Կլարա Շումանի «Մանուշակ» երգում կարելի է նշել ևս մի բարեմասնություն, այն է` երգն ավարտող, վարընթաց խրոմատիկ դարձվածը, որը պատկերում է ծաղկի թառամելը։ Այդուհանդերձ, Կլարա Շումանի երգի, բեկբեկուն, ասերգային մեղեդին բարդացված է խայտաբղետ հարմոնիաներով և չունի մոցարտյան պարզությունը։ Տեղին է հիշել Բրամսի հետևյալ խոսքերը. «Եթե մենք չենք կարողանում Մոցարտի պես գեղեցիկ հորինել, ապա գոնե ձգտենք ստեղծագործել Մոցարտի պես պարզ»։
Ըստ Հերման Աբերտի, Մոցարտի օրոք երգի ժանրը դեռ չէր հասել բարձրաոճ արվեստի մակարդակի։ Այն ծառայում էր կենցաղային, ընտանեկան շփմանը։ Մինչդեռ «Մանուշակը» բեկումնային էր` նախ պոեզիայում, այնուհետև երաժշտության բնագավառում։ Շատ է ասվել այն մասին, թե Մոցարտը պատշաճ ուշադրություն չէր դարձնում բանաստեղծական տեքստին, խիստ չէր վերաբերվում օպերային լիբրետոներին։ Այդպես էր կարծում նույնիսկ Ռիխարդ Վագները։ Սակայն ոչ բոլորն են այդպես կարծում։ Որ դա թյուրիմացություն է, վկայում է Մոցարտի նամակը` ուղղված հորը։ 1781 թ. սեպտեմբերի 20-ին 25-ամյա կոմպոզիտորը գրել է. «...Օպերայում պոեզիան պետք է լինի երաժշտության հնազանդ դուստրը... բանաստեղծությունն անհրաժեշտ է երաժշտության համար, բայց հանգավորումը հանուն հանգավորման ամենավնասակար բանն է... Լավագույնն այն է, երբ լավ կոմպոզիտորը, որը հասկանում է թատրոնը և ինքն անձամբ ի վիճակի է ինչ-որ բան հուշելու, և փորձառու բանաստեղծը միաբանվեն որպես մի իսկական փյունիկ, այնժամ կարելի կլինի չվախենալ անգետների հաջողությունից...»։ Այս տողերը գրելուց չորս տարի անց, 1785 թ. հունիսի 8-ին «բացվեց» Մոցարտի «Մանուշակը»։ Թեպետ հիշյալ նամակում Մոցարտը խոսում էր օպերային ժանրի մասին, սակայն «Մանուշակ» երգում, որպես մի միկրոտիեզերքում, տեղի ունեցավ պոեզիայի և երաժշտության, երգի և նվագակցության կատարյալ սինթեզ։ Այս երգում Մոցարտն առաջնությունը տալիս է երաժշտությանը։ Մինչ այդ նվագակցող գործիքը, տվյալ դեպքում դաշնամուրը, երբեք այդքան ակտիվ չէր միջամտել երգին։ Այստեղ դաշնամուրը պարզապես հանդես է գալիս որպես երկրորդ «գործող անձ»։ Մոցարտն իր երաժշտությամբ ոչ թե «լուսաբանում» է խոսքերը, այլ դրանք վերաձուլելով երաժշտության իրեղեն հնչյունների մեջ, վերստեղծում է բանաստեղծությունը, վերածելով այն մի դրամատիկ տեսարանի։ Եվ պատահական չէ, որ Աբերտը և Այնշտայնը Մոցարտի ասած «փյունիկը» վերագրում են նրա իսկ «Մանուշակին»:
Մոցարտի «Մանուշակ» երգի «դրամատուրգիան» փնջված է օրգանապես միաձուլված տասը դրվագներից։ Այն բացվում է դաշնամուրի յոթտակտանոց նախանվագով, որը բնույթով հովվերգական մի բնապատկեր է։ 7-րդ տակտից մուտք գործող երգը մինչև 14-րդ տակտը նկարագրում է աղջկան (դաշնամուրն արագավազ նվագակցությամբ մեծապես նպաստում է երգին` պատկերելու վազող, թռչկոտող, զվարթ հովվուհուն)։ 22-րդ տակտից մինչև 26-րդը դաշնամուրի միջնանվագը, ըստ Հերման Աբերտի, նմանակում է հովվական սրնգին։ Մանուշակի և աղջկա «հանդիպումը» տեղի է ունենում 27-րդ տակտում, որից մինչև 42-րդ տակտը հնչում է ծաղկի երազանքն արտահայտող թախծոտ երգը (սոլ-մինոր), որը հիշեցնում է իտալական գողտրիկ մի արիա (Աբերտ)։ 43-րդ տակտից անսպասելի ներխուժող մի-բեմոլ մաժոր ակորդը ազդարարում է վերահաս աղետը (այսպես են բնորոշում այս դրվագը և՛ Աբերտը, և՛ Այնշտայնը)։ Անզգույշ աղջիկը ոտնատակ է տալիս մանուշակը։ Այդ աղետը Մոցարտն արտահայտում է ռեչիտատիվի` շնչակտուր ասերգի միջոցով։ «Քար կտրած» պաուզայից հետո, 51-րդ տակտից մինչև 54-րդը ներառյալ, վարընթաց հոգոցների սեկվենցիան պատկերում է ծաղկի թառամելը։
Ի դեպ, նման հնարք է կիրառել նաև Ռոմանոս Մելիքյանը` Գյոթեի խոսքերով գրված «Վարդը» ռոմանսում։ Սակայն, ի տարբերություն վարդի, մանուշակը վախճանվում է անտրտունջ, ժպիտը երեսին` սիրելիի ոտքերի մոտ։ Սա տեղի է ունենում 54-60-րդ տակտերում և արտահայտվում է հատկապես դաշնամուրի վերընթաց, մաժոր սեկվենցիաների միջոցով։ Այս մասին Աբերտը գրում է հետևյալը. «Եվ վերջապես հարկ է անվանել որպես հանճարեղ այն հնարքը, որի միջոցով մենք հանկարծակի հափշտակվում ենք մեռնող Մանուշակի հիացական պոռթկումով»։ Բայց Մոցարտն արտահայտում է նաև պատմողի հոգեվիճակը («խեղճ Մանուշակ»)։ Այս երկրորդ փոքրիկ ռեչիտատիվը (ասերգը) իսկական դրամատուրգիական գյուտ է... Եվ այս դրամայից հետո միայն վարպետն ավարտում է իսկական քնարական ոգով, դրանով հիշեցնելով ժողովրդական ոգով գրված կրկներգը. «Որքան չքնաղ էր և անուշակ»։ Ի դեպ, «Խեղճ Մանուշակ» և սրան հետևող վերջին բառերը Մոցարտն է ավելացրել։ Սա նշում է նաև Այնշտայնը, որն այս երգում փորձում է տեսնել կոմպոզիտորի «սրտի գաղտնիքները»։ Երաժշտագետն իր դատողությունները սկսում է հեռվից։
Հայտնի է, որ Գյոթեի որոշ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթ ունեն։ Եթե «Վարդը» այլաբանորեն արտացոլում է նրա և Ֆրիդերիկայի սիրո պատմությունը, ապա «Մանուշակը» կապված է պոետի մյուս «մուսայի»` Լիլի Շյոնեմանի հետ։ Ըստ Այնշտայնի, նման փոխհարաբերություններ Գյոթեն նկատել էր դեռ իր ընկեր Հերդերի և նրա հարսնացուի միջև. հպարտ գեղեցկուհին, թեպետ սիրում է իրեն նվիրված երիտասարդին, սակայն իր քմայքներով նրան ստիպում է տառապել։ Այնշտայնը, խորացնելով իր վարկածը, նման տվայտանքներ նկատում է նաև Մոցարտի մեջ։ Կյանքի և արվեստի միջև սերտ կապ տեսնելով, երաժշտագետը գրում է. «Այո, Մոցարտը կոտրեց, պայթեցրեց երգի ձևը... ելնելով ներքին անհրաժեշտությունից... Հավանաբար դա պայմանավորված էր անձնական, գաղտնի ապրումներով։ Մոցարտը կարճահասակ էր, անշուք, անբուժելի հիվանդությունը վաղ տարիքից իր դրոշմն էր թողել նրա վրա։ Թեպետ Մոցարտը, որպես արվեստագետ, գիտակցում էր իր մեծությունը, սակայն նա խորապես տառապում էր իր տգեղությունից։ Բայց, անկախ ամեն ինչից, «Մանուշակ» երգում (ավելի, քան երգում) նրա հանճարը բռնկվեց մյուս հանճարի բոցից»։ Հիրավի «փյունիկ»։ Իսկ ինչ վերաբերում է Մոցարտի անշուք արտաքինին, ապա ժամանակակիցները նկատում էին նրա գլխի և քթի մեծությունը։ Եթե կոմպոզիտորը չէր կարող «պաշտպանվել» Առնո Բաբաջանյանի «զենքով», ապա նրան հայտնի պիտի լիներ Սոկրատեսի դեպքը։ Հայտնի է, Բաբաջանյանն ասում էր, որ ոչ թե իր քիթն է մեծ, այլ մյուսներինն է փոքր։ Մինչդեռ, երբ Սոկրատեսին հարցրել էին, թե գիտի՞, որ ինքը Հունաստանի ամենատգեղ մարդն է, փիլիսոփան պատասխանել էր. «Բայց չէ՞ որ ես ինձ տիրապետել գիտեմ»։ Այդպես էլ Մոցարտը, չէ՞ որ ինքն էլ իրեն տիրապետել գիտեր, ավելին, Մոցարտի աստվածային երաժշտությունն այսօր էլ տիրապետում է մեր սրտերին...
Ամփոփելով մեր խոսքը, նշենք, որ, թեպետ շատերն են երգեր հորինել Գյոթեի «Մանուշակ» բալլադի խոսքերով, սակայն միայն Մոցարտի անթառամ «Մանուշակի» բույրը հարատևեց, հասավ Շուբերտին, Բրամսին` օծելով ու օրհնելով նրանց երգարվեստը։
Բավական է նշել Գյոթեի տարբեր քերթվածների խոսքերով հորինված Շուբերտի ավելի քան 40 երգերը, այդ թվում` «Լճակի վրա», «Անխոնջ սերը», «Վարդը»։ Ավելացնենք նաև Բրամսի «Ծաղիկները նայում են»` գրված Հայնեի խոսքերով, «Մանուշակը»` գրված Հյոլթիի խոսքերով, «Հովտաշուշանը», «Ծաղկում են վարդերը», նաև Ֆերենց Լիստի «Մանուշակը» երգը (Վիլհելմ Մյուլլերի խոսքերով), Սպենդիարյանի «Այ վարդը» (Ալ. Ծատուրյանի խոսքերով) և այլն։ Այնպես որ, թե՛ Շուբերտը, թե՛ Լիստը, թե՛ Բրամսը, թե՛ նույն Ռոմանոս Մելիքյանը իրենց երախտագիտությունը Մոցարտին կարող էին արտահայտել պարսիկ բանաստեղծ Վահիդ Թաբրիզիի խոսքերով.
Քո մանուշակը իմ շուշանի վրա
Վարդով բացվեց։
Ահա և Գյոթեի «Մանուշակը»` Հենրիկ Արթենյանի թարգմանությամբ, որը թեպետ գեղեցիկ է, սակայն միջամտությունը շատ է։ ՈՒստի կից ներկայացնում ենք 3-րդ տան թարգմանությունը մեր խմբագրությամբ։
ՄԱՆՈՒՇԱԿ
Կանգնել էր հանդում մեն ու մենակ
Հազիվ նշմարվող մի մանուշակ,
Մով մի մանուշակ անուշահոտ...
Եկավ ու անցավ հանդով շաղոտ
Մանուշակաչյա մի հովվուհի,
Ծիծաղով լցրած հանդն հայրենի,
Երգն իր հնչեցրեց այս առավոտ։
«Ա՜խ, ես լինեի մի ակնթարթ
Կապույտ գուշակը գարնան զվարթ,
Հանդերի զարդը զարմանալի`
Սիրելուս կուրծքը զարդարեի,
Հպվեի նրան սիրագորով
Եվ հետո, ի՜նչ փույթ, այն ժամանակ
Ես թառամեի անժամանակ»։
Ա՜խ, աղջիկն առանց ափսոսալու
Քաղեց մովաչյա մանուշակին`
Գարնան գեղեցիկ մատռվակին,
Որ և գոհաբար մեռավ հլու...
«Ես ինքս էլ իբրև մի մանուշակ
Բա՜խտ ունենայի մահանալու
Սիրածիս անգին ոտքերի տակ»։
Իսկ սա 3-րդ տունն է` խմբագրված.
Ախ, այդ անուշադիր աղջնակը
Տրորեց մովաչյա մանուշակը`
Գարնան գեղեցիկ մատռվակին,
Որ և գոհաբար մեռավ հլու
Անզգույշ աղջկա ոտքերի տակ։
Որքան չքնաղ էր և անուշակ։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ